Ռուսաստանյան «Ռոսնանո» կորպորացիայի նախկին ղեկավար, ավելի վաղ՝ ՌԴ փոխվարչապետ և ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Անատոլի Չուբայսի նկատմամբ հարուցվել է 14 կատարողական վարույթ գրեթե 20 միլիարդ ռուբլի (շուրջ 248 միլիոն դոլար) բռնագանձելու վերաբերյալ:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, մոտ 18 միլիարդ ռուբլի են կազմում գույքային բնույթի բռնագանձումները՝ «Ռոսնանո»-ին հասցված վնասի դիմաց, մնացածը կատարողական վճարն է: Երեք կատարողական վարույթներով կալանք է դրվել Չուբայսի ունեցվածքի վրա:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ պետական կորպորացիայի ֆինանսական խնդիրների մասին հայտնի է դարձել 2021 թվականի աշնանը, երբ Մոսկվայի բորսան կասեցրել է «Ռոսնանո»-ի պարտատոմսերի առք ու վաճառքը դրա պարտավորությունների հետ կապված անորոշության պատճառով: 2022-ի աշնանը Ռուսաստանի կառավարությունը քննարկում էր «Ռոսնանո»-ի լուծարման հնարավորությունը՝ բյուջեի հաշվին աջակցությունը կորպորացիային դադարեցնելու համար:
Չուբայսը «Ռոսնանո»-ն ղեկավարել է 2008-2020 թվականներին, Ռուսաստանից հեռացել է 2022-ին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց շատ չանցած: Նույն տարվա հոկտեմբերին Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել պետական կորպորացիայից 50 միլիարդ ռուբլի հափշտակելու վերաբերյալ: Չուբայսի անունը գործի նյութերում չէր հիշատակվում, սակայն այդ ժամանակ ընկերությունում հայտարարել էին, որ Անվտանգության դաշնային ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը և Գլխավոր դատախազությունը շարունակում են 2010-2020 թվականների ներդրումների ժամանակաշրջանում պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքները:
