Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն այդ մասին խոսել է «Մշակույթի և մեդիայի երկխոսության Բաքվի հարթակում»։
«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել», - ասել է Հաջիևը՝ ընդգծելով՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ միայն թղթի վրա։
Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ Բաքուն մշակել է համաձայնագրի նախնական սկզբունքները, իսկ Վաշինգտոնում դրա նախաստորագրումից հետո կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության։
Իլհամ Ալիևի օգականի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին։ Բաքուն, մինչդեռ, որպես պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:
