Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն այսօր հեռախոսով զրուցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը՝ հղում անելով Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությանը:
Հեռախոսազրույցը նախաձեռնել են Ստուբը և Ստյորեն, այն հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած հանդիպման շարունակությունն էր, որին նրանցից բացի մասնակցել էին նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Ուիթքոֆն այնուհետև Սանտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինի հետ: Հանդիպումների արդյունքներով կողմերը պատրաստակամություն են հայտնել վերսկսել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, որոնք կարող են անցկացվել նոյեմբերի 10-ին մոտ օրերին Աբու Դաբիում:
Հաղորդագրության համաձայն, երկու պետությունների ղեկավարները զանգահարել են Պուտինին՝ «քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և պատերազմի դադարեցման ու Եվրոպայում խաղաղությանն ու կայունությանն աջակցության դիվանագիտական ջանքերը»:
«Ֆինլանդիան և Նորվեգիան Ռուսաստանի հարևաններն են, և երկու երկրները Ուկրաինայի անսասան կողմնակիցներն են: Զրույցի նպատակն էր ուղղակիորեն փոխանցել նախագահ Պուտինին Ուկրաինայի ուղերձները Աբու Դաբիում առաջիկա խաղաղ բանակցությունների վերաբերյալ», - հաղորդել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ Ստուբն ու Ստյորեն զրույցին մասնակցել են իբրև իրենց երկրների առաջնորդներ և ոչ որպես Եվրոպայի ներկայացուցիչներ:
«Քննարկումն ուղիղ էր և ըստ էության: Մենք Ռուսաստանի հարևաններն ենք: Այն, թե ինչպես կավարտվի պատերազմը, ազդելու է Ֆինլանդիայի և Նորվեգիայի ու ավելի լայն իմաստով ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա: Պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ», - հայտարարել է Ստուբը:
Կրեմլը զրույցի մասին հաղորդում է, թե Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայում հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ՝ «հիշեցնելով դրա սկզբնապատճառների մասին: Ռուսաստանի նախագահը նաև խոսել է Օլեշկիում ԱՄՆ միջնորդությամբ իրականացվող մարդասիրական գործողության մասին, ապա «ուշադրություն է հրավիրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների առճակատման քաղաքականության վրա, որը տանում է մարտական գործողությունների երկարաձգման»:
Երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են հետագայում էլ պահպանել ուղիղ շփումները հեռախոսով, փոխանցում է ռուսական կողմը:
