Ամենամեծ պաշտպանական բյուջեներ ունեցող եվրոպական հինգ երկրների (E5 խումբ)՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները, երեկ Փարիզում կայացած հանդիպումից հետո, ի թիվս այլ բաների, համաձայնության են եկել Ուկրաինային աջակցության ձմեռային փաթեթի շուրջ:
E5-ի պաշտպանության նախարարությունների կայքերում հրապարակված համատեղ հայտարարությունում Ռուսաստանը նշվում է որպես եվրաատլանտյան անվտանգության և կայունության գլխավոր սպառնալիք:
«Ուկրաինային մեր աջակցության շրջանակում մենք պատրաստել ենք «ձմեռային օգնության փաթեթներ»», - Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նախարարի խոսքով, որին մեջբերել է dpa լրատվական գործակալությունը, E5 երկրները կանեն «հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Ուկրաինային մատակարարումներով և, առաջին հերթին, հետախուզական և արբանյակային տվյալներով»:
Պիստորիուսը նաև հայտարարել է, որ հինգ երկրների ներկայացուցիչները համագործակցում են Ուկրաինայի հետ՝ մշակելու հակաօդային պաշտպանության համակարգ՝ ի հավելումն Patriot-ի և այլ առկա համակարգերի:
Այս առումով հանդիպման մասնակիցները կոչ են արել իրենց գործընկերներին ամրապնդել Կիևին ցուցաբերվող աջակցությունը: «Եվ դա պետք է արվի հենց հիմա: Ի վերջո, ամեն գիշեր Ռուսաստանի ճնշումը զգացվում է գրեթե յուրաքանչյուր ուկրաինական քաղաքում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան:
Ավելի մեծ պատասխանատվություն
E5-ի պաշտպանության նախարարների համատեղ հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը «եվրատլանտյան անվտանգության և կայունության համար ամենահրատապ և երկարաժամկետ սպառնալիքն է»։
«Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի իր սեփական անվտանգության համար ... Այս լրացուցիչ պատասխանատվությունը պետք է սկսվի ՆԱՏՕ-ի շրջանակում եվրոպացի դաշնակիցների ընդլայնված դերից»,- ասվում է փաստաթղթում։ Նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները «մնում է և կմնա E5 երկրների անփոխարինելի դաշնակիցը»։
Հայտարարությունում երկրները նաև վերահաստատում են Ուկրաինային աջակցելու իրենց «անսասան հանձնառությունը»։ «Ուկրաինայի ինքնապաշտպանության կարողությունը՝ թե՛ հիմա, թե՛ ապագայում, կարևորագույն նշանակություն ունի եվրաատլանտյան կոլեկտիվ անվտանգության համար», - ասվում է տեքստում։
E5 երկրներն աջակցում են Ուկրաինային «հուսալի անվտանգության երաշխիքներով կայուն խաղաղության հասնելու» նրա ջանքերում և անհրաժեշտ են համարում երկրին համապարփակ քաղաքական, ռազմական և ֆինանսական աջակցությունը։
