Ընդդեմ ընտանեկան բռնության՝ վարչապետի տիկնոջ սկսած այս շարժումը չորս ամիս անց նախագիծ է դարձել ու խորհրդարանականների օրակարգում է. այսօր հանձնաժողովում քննարկեցին, վաղն արդեն լիագումար նիստում կքննարկեն: Նախագիծը պաշտոնապես հեղինակում են երեք պատգամավորներ «Քաղաքացիական պայմանագրից», այն Զարուհի Բաթոյանը ներկայացրեց:
«Անկեղծորեն դուք ասեք, թե իսկապես ով է այս նախագծի հեղինակը, և այն ինչպես է հայտնվել ձեր ձեռքում», - Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովում քննարկման ժամանակ Բաթոյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Պատահեց մի բան, որ Էդգար Ղազարյան անունով անձը հայտնվեց Ազգային ժողովում, ով չգիտի, որ ես տարիներ շարունակ զբաղվել եմ ընտանեկան բռնության հիմնահարցերով», - հակադարձեց իշխանական պատգամավորը: Այս նախագիծը տիկին Աննայի սկսած արշավի արձագանքն է, հավելեց Զարուհի Բաթոյանը:
ՔՊ-ականներն ու ներքին գործերի նախարարը շատ կարևոր են համարում նախագիծը. խստացնում են ընտանեկան ու կենցաղային բռնության դեմ պայքարի միջոցները, բռնության դեպքերի մասին ոստիկանությանը կարող են հաղորդել ոչ միայն հենց տուժողները, այլև բոլորը, ովքեր տեղյակ են այդ մասին: Բռնարարները ոչ թե կնախազգուշացվեն, այլ նրանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառում կիրականացվի, բռնության զոհը հընթացս որոշեց հրաժարվել բողոքից՝ միևնույն է իրավական ընթացքը կանգ չի առնի: Ու գլխավորը՝ այն, ինչ Աննա Հակոբյանն իր արշավում ամենաշատն է շեշտադրում. - «Քրեական օրենսգրքում առաջարկում ենք ընտանիքում և կենցաղային հարաբերություններում կատարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նախատեսել առանձին գլուխներով՝ դրանց համար սահմանելով առավել ծանր պատիժ, քան ներկայում է», - ասաց Բաթոյանը:
«Պարտավոր ենք օրենսգրքի շրջանակներում ճանաչել ընտանեկան և կենցաղային բռնությունը որպես ինքնուրույն երևույթ և դրան տալ կոնկրետ գնահատական», - իր հերթին, հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Իշխանականներից Կնյազ Հասանովը հետաքրքրվեց՝ մեղմացուցիչ ոչի՞նչ չկա, եթե, օրինակ, խանդն է բռնության պատճառը, արդյո՞ք այս նախագիծը նաև բռնարար կանանց էլ է վերաբերում: Ոչինչ չի արդարացնում բռնությունը, նախագիծը բոլորի մասին է, բացատրեցին կանայք:
Ընդդիմադիրները վերապահումներ ունեն: Հիմնականն այն է, որ այսօր գործող օրենքով էլ է հնարավոր պայքարել ընտանեկան բռնության դեմ, խնդիրն օրենքը չէ, այլ՝ այն կիրառողները:
«Ուժեղ Հայաստան»-ից Մարիաննա Ղահրամանյանը Փաշինյանի հետ քաղաքացիների միջադեպերը հիշեցրեց բռնության դեմ պայքարողներին. - «Դեմ ենք բռնության որևէ դրսևորումներին, այդ թվում նաև՝ փողոցում կին անցորդների նկատմամբ բռնության դրսևորումներին, մետրոյում անչափահաս երեխայի հետ երթևեկող կնոջ նկատմամբ հոգեբանական բռնության դրսևորումներին»:
Էդգար Ղազարյանը շարունակում էր պնդել, որ ընտանեկան բռնության կանխարգելման այս նախագիծը մեկ հոգու՝ Աննա Հակոբյանի քմահաճույքն է. - «Նախագիծը ընդհանուր առմամբ ընդամենը մեկ հոգու անձնական ամբիցիաներով պայմանավորված, ինքնաարտահայտման պահանջմունքի իրացման, չկայացվածության դրսևորում է»:
«Էժան շոուները քաղաքական, որ փորձում են ներկայացնել այս հանձնաժողովում, մենք պետք է դրանք բացառենք», - հակադարձեց իշխանականներից Ռուստամ Բաքոյանը:
Վերջինս այսօր Ղազարյանի ելույթների առանցքում էր. մի քանի տարի առաջ Բաքոյանի անվան շուրջ սկանդալ պայթեց հենց ընտանեկան բռնության թեմայով՝ նրա նախկին քաղաքացիական կինը Բաքոյանի կողմից կրկնվող բռնությունների մասին էր ահազանգել, հետո՝ հերքել դրանք: Ի՞նչ եղավ այդ գործը, Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց ներքին գործերի նախարարից:
«Կարող եք գրավոր հարցում ուղարկել և կտեսնեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել», - պատասխանեց Արփինե Սարգսյանը:
Ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով խորհրդարանական հանձնաժողովի նիստում Ռուստամ Բաքոյանը որոշեց շնորհավորել թիմակիցներին ՏԻՄ ընտրություններում հաջողության առթիվ, ինչը վերածվեց ընդդիմադիր գործընկերոջ հետ բանավեճի:
