Հակակոոռուպցիոն վերաքննիչ դատարանն այսօր որոշում է կայացրել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին նրան մեղսագրվող հոդվածներից մեկով անմեղ ճանաչելու վերաբերյալ և արդարացրել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորին: Այդ մասին հայտարարեց Ասլանյանն ինքը Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում:
«Րոպեներ առաջ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը իմ մասով կայացրեց մի անսպասելի որոշում՝ այն հոդվածով, որով որ ինձ երկու տարի յոթ ամիս պահել էին կալանքի տակ, այդ հոդվածով ինձ անմեղ ճանաչեց և արդարացրեց, իսկ մնացած հողի հետ կապված դրվագներով կիրառեց վաղեմության ժամկետ և գործը կարճեց», - ասաց Ասլանյանը:
«Ամեն դեպքում, իրարամերժ զգացողություններ են, որովհետև հինգ տարի տևացող դատական այս քաշքշուկները ինչ-որ չափով ունեցան իրենց մի մասով արդարացի եզրահանգումը և Մակյան, Ամիրյան, Մելիքսեթյան կազմով կարողացան վեր կանգնել և իրավաբանություն կիրառել ու արդարադատություն կիրառել գոնե թե այդ մասով և իմ նկատմամբ որոշեցին իրականացնել արդարացնող որոշում», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
«Սպասենք դատարանի որոշմանը՝ հետագա մեր գործողությունները հասկանալու համար», - ամփոփեց Վանաձորի նախկին քաղաքապետը:
Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021 թվականի դեկտեմբերին, երբ տեղական ընտրություններում նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներն էր ստացել, ու մեծ էր հավանականությունը, որ նա դարձյալ կվերընտրվի քաղաքապետի պաշտոնում։ 2024-ի ամռանը 10 միլիոն դրամ գրավով Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր, ու նա ազատության մեջ էր հայտնվել։
Հակակոռուպցիոն դատարանը անցած տարվա հունվարին Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանին մեղավոր էր ճանաչել պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու համար և նրան դատապարտել գրեթե 4.5 տարվա ազատազրկման: Վանաձորի նախկին քաղաքապետին արգելվել էր նաև երեք տարով որևէ պաշտոն զբաղեցնել, և դատարանը նրան 500 հազար դրամով տուգանել էր։
Պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերը մտերիմներին ապօրինի օտարելու համար մեղավոր ճանաչված Ասլանյանը քրեական գործը քաղաքական հետապնդում էր որակել:
Այս տարվա հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ցուցակով Ազգային ժողով անցած Մամիկոն Ասլանյանը խորհրդարան մտավ նոր քրեական գործով ու մեղադրյալի կարգավիճակով:
